Ինչպե՞ս ընտրել ճիշտ գործատու և լավ ղեկավար

Ինչպե՞ս ընտրել ճիշտ գործատու և լավ ղեկավար

Ինչպես ընտրել ճիշտ գործատու և լավ ղեկավար

Այսօր թեկնածուներն իրենց հաջորդ աշխատանքն ընտրելիս հաճախ առավել մեծ ուշադրություն են դարձնում աշխատավարձին, արտոնությունների համակարգին կամ պաշտոնին։ Դրանք, իհարկե, ևս շատ կարևոր են, սակայն կա մի անչափ կարևոր գործոն, որն իր նշանակությամբ գերազանցում է բոլորին՝ այն մարդը, ում համար կամ ում հետ աշխատելու եք։

Կազմակերպության մշակույթը և Ձեր մասնագիտական աճը շատ հաճախ կախված են ոչ թե գործատուի բրենդից, այլ մարդկանցից՝ հատկապես Ձեր անմիջական ղեկավարից (նրա անձից)։ Ճիշտ ղեկավարը կարող է դառնալ Ձեր մենթորը, ձևավորել Ձեր մասնագիտական մտածողությունը և արագացնել Ձեր մասնագիտական զարգացումը: Ոչ մի «երազանքների ընկերություն» ի զորու չէ անել դա։

Ստորև մի քանի մասնագիտական խորհուրդ ոչ միայն աշխատաշուկա մուտք գործող սկսնակներին, այլև նրանց, ովքեր կանգնած են նոր գործատու ընտրելու բարդ խնդրի առաջ😊

1. Նայե՛ք բրենդից այն կողմ

Ցանկացած աշխատանքի առաջարկ գնահատելիս փորձե՛ք չտրվել միայն ընկերության անունին կամ առաջարկվող արտոնությունների փաթեթին։ Փորձե՛ք ինքներդ Ձեզ հարցնել

  • Ու՞մ անմիջական ենթարկայության տակ եմ ես աշխատելու:
  • Ի՞նչ փորձառություն ունի նա (ոչ միայն մասնագիտական):
  • Ի՞նչ արդյունքներ է գրանցել նա իր ոլորտում:
  • Արդյո՞ք սովորելու բան ունեք Ձեր ղեկավարից:

Փորձառու ղեկավարը ոչ միայն ավելի լավ կհասկանա Ձեր կատարած աշխատանքի բնույթն ու նշանակությունը, այլև կիմանա՝ ինչպես ուղղորդել, աջակցել և մարտահրավեր նետել Ձեզ, քանզի նոր մարտահրավերներն են, որ մեզ ամեն օր ավելի լավ մասնագետ են դարձնում։

2. Ընտրեք փորձը, ոչ թե էգոն

Լավագույն ղեկավարները նրանք են, ովքեր իրենք էլ անցել են նույն ճանապարհով։ Նրանք սխալվել են, սովորել են և պատրաստ են իրենց փորձը փոխանցել թիմին։
Աշխատելով փորձառու մարդու հետ՝ Դուք կարծես իրական ժամանակում տարիների գիտելիք եք ձեռք բերում, քանի որ այս դեպքում ղեկավարը բացատրում է ոչ միայն՝ ինչ անել, այլ նաև՝ ինչու անել։

3. Հետևե՛ք, թե ինչպես է ղեկավարը վերաբերվում մարդկանց

Հիանալի կլինի, եթե մինչ աշխատանքի անցնելը հնարավորություն ունենաք հետևելու, թե ինչպես է Ձեր ապագա ղեկավարը վերաբերվում մարդկանց (աշխատակիցներին): Եթե կա նման հնարավորություն, ապա ուշադրություն դարձրե՛ք, թե ինչպես է նա խոսում իր թիմի մասին։ Օրինակ՝

  • Թիմակիցների մասին խոսելիս նա օգտագործում է «մե՞նք», թե՞ «ես»։ 
  • Հաջողությունները վերագրում է իրե՞ն, թե՞ կիսում է թիմի հետ։
  • Ի՞նչ բառապաշարով է խոսում իր ենթակաների մասին. անհարգալից խոսելաձևը ևս շատ բանի մասին կարող է խոսել: 

Լավ ղեկավարը զարգացնում է իր աշխատակիցներին, խրախուսում է սովորել և հարգում է նրանց տարբերություններն ու տարբեր լինելը։ Այդպիսի միջավայրում հայտնվելիս Դուք իսկապես կաճեք ու կզարգանաք թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես մարդ։

4. Սովորելը երկուստեք ամենաառողջ ճանապարհն է 

Փորձառու ղեկավարը երբեք չի դադարում սովորել։ Նա հետաքրքրասեր է, բաց է նոր գաղափարների համար և լսում է իր թիմին։ Եթե գտնում եք ղեկավարի, ով պատրաստ է սովորել նաև իր աշխատակիցներից, ապա Դուք ճիշտ տեղում եք։ 

5. Հիշե՛ք, որ ընտրում եք ոչ թե աշխատանք, այլ մենթոր

Լավ աշխատանքը վատ ղեկավարով կարող է ամենօրյա բեռ դառնալ։ Իսկ միջին աշխատանքը՝ լավ ղեկավարով, կարող է փոխել Ձեր կյանքն ու մասնագիտական ճանապարհը։ Պաշտոնի և այլ առավելությունների հետ մեկտեղ՝ միշտ ընտրե՛ք նաև այն մարդուն/ղեկավարին, ում հետ աշխատելու եք։

Աշխատե՛ք այն մարդու հետ, ումից կարող եք սովորել։ Ընտրե՛ք առաջնորդի, ով ոգեշնչում և «ստիպում» է Ձեզ ավելի լավը դառնալ։

Ամենաթանկ բանը, որ կարող եք ստանալ ցանկացած աշխատանքից, ոչ թե զբաղեցրած պաշտոնն է կամ աշխատավարձը, այլ՝ աճը։

Lusine

Հեղ.՝ Lusine

Հրապարակվել է ՝ 21 Հոկ 2025