Ինչպե՞ս գործատուի հետ խոսել աշխատավարձի կամ պաշտոնի վերանայման մասին և հասնել հաջողության

Ինչպե՞ս գործատուի հետ խոսել աշխատավարձի կամ պաշտոնի վերանայման մասին և հասնել հաջողության

Ինչպե՞ս գործատուի հետ խոսել աշխատավարձի կամ պաշտոնի վերանայման մասին և հասնել հաջողության

Մեր օրերում մասնագետների կողմից ամենահաճախ բարձրացվող մտահոգություններից մեկն այն է, թե ինչպես կարելի է գործատուի հետ ճիշտ խոսել աշխատավարձի կամ պաշտոնի վերանայման մասին։

Նախ սկսենք նրանից, որ եթե ընկերությունում գործում է հստակ կատարողականի կառավարման համակարգ, և որոշակի պարբերականությամբ իրականացվում է աշխատակիցների կատարողականի գնահատում, ապա այս հարցը մղվում է երկրորդ պլան: Աշխատավարձի և/կամ պաշտոնի վերանայումը պետք է լինի աշխատանքային գործընթացի անբաժանելի մաս, իսկ աշխատակիցները պետք է «գնահատվեն» իրենց կատարած աշխատանքի համար:

Այնուամենայնիվ, դեռևս ոչ բոլոր ընկերություններն են լիարժեք իրականացնում աշխատակիցների կատարողականի արդյունավետ կառավարում, ուստի հիմնավոր հարց է առաջանում՝ ինչպե՞ս գործատուի հետ ճիշտ խոսել աշխատավարձի կամ պաշտոնի վերանայման մասին։

Իրականում, աշխատավարձի և/կամ պաշտոնի վերանայում խնդրելը մեկանգամյա իրադարձություն չէ։ Այն գործընթաց է, ինչ-որ տեղ՝ նաև նախագիծ։ Եվ ինչպես ցանկացած հաջողված նախագիծ, այն ևս պահանջում է ռազմավարություն, ժամանակացույց, նախապատրաստություն և ճիշտ մտածելակերպ։ 

Աչքի ընկնել՝ հաճախ նշանակում է անել ավելին, քան նախատեսված է աշխատանքի նկարագրով։ Հետևաբար, նախատեսված պարտականություններից դուրս ներդրում կատարելու նախաձեռնությունը կարևոր է ցանկացած աշխատակցի աճի համար։

Ինչու՞ է կարևոր ծրագիր ունենալը

Կարևոր Է հասկանալ, որ ոչ մեկի կյանքում կարիերայի աճը պատահականորեն տեղի չի ունենում։ Առաջխաղացումները և աշխատավարձի բարձրացումները կարելի է միայն վաստակել: Իսկ ինչպե՞ս: Ամենակարևոր խորհուրդը, որով կկիսվեմ իմ փորձից, այն է, որ նույնիսկ կարիերայի աճի համար անհրաժեշտ է ռազմավարական պլանավորում։ 

Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե ղեկավարի հետ սուրճ ըմպելիս կամ կարճ հաղորդագրության միջոցով կարելի է ստանալ պաշտոնի և/կամ աշխատավարձի փոփոխություն, մեծապես սխալվում են: Նմանատիպ մոտեցումը հազվադեպ է աշխատում: Դրա փոխարեն, պետք է վերաբերվել դրան՝ որպես մի նախագծի, որն ունի սկիզբ և ավարտ, հստակ արդյունքներ և գործող անձինք😊: Սրանով, ըստ էության, ցանկացած աշխատակից կառուցում է իր անձնական բրենդը և փորձում զբաղեցնել իր դիրքն այն մարդկանց շրջանում, ովքեր որոշումներ են կայացնում:

Առաջխաղացման բանալին

Հարվարդի բիզնես դպրոցը մեծապես կարևորում է հետևողական աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի դերը. «Լավ աշխատակից լինելու համար առաջին կանոնը միշտ ժամանակին տեղում լինելն է և աշխատանքին պատրաստ լինելը»: - նշվում է Հարվարդի բիզնես դպրոցի առցանց հոդվածում:

Հուզական ինտելեկտը ևս կարևոր դեր է խաղում կարիերայի առաջխաղացման հարցում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հուզական ինտելեկտն աշխատանքի արդյունավետության ամենաուժեղ կանխատեսողն է, որտեղ աշխատանքը լավագույն կատարողների 90%-ը ցուցաբերում է բարձր հուզական ինտելեկտ: Այստեղից հետևություն, որ խոսքը միայն տեխնիկական հմտությունների մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես եք հարաբերվում ուրիշների հետ, հաղթահարում մարտահրավերները և ցուցաբերում առաջնորդական հմտություններ:

Ե՞րբ է պետք սկսել

Այս գործընթացը սկսելու ճիշտ ժամանակը պաշտոնի կամ աշխատավարձի բարձրացում ակնկալելուց 9-12 ամիս առաջ է: Ինչո՞ւ: Որովհետև հենց այդ ժամանակ է, որ ընկերությունները սկսում են կազմել բյուջեներ, սահմանել աշխատակիցների նպատակները և կազմել առաջխաղացման ցուցակներ՝ սովորաբար ֆինանսական տարվա սկզբին կամ նախորդի ավարտին՝ հաջորդող տարվա համար։

Հենց այս ժամանակ է անհրաժեշտ.

  • Իրականացնել ինքնագնահատում. Պատրա՞ստ եք հաջորդ քայլին։ Հասկանու՞մ եք հաջորդ մակարդակի դերի պահանջները։ Զարգացրե՞լ եք կամ պլանավորո՞ւմ եք զարգացնել անհրաժեշտ հմտությունները։
  • Բացահայտել հիմնական խաղացողներին. Ո՞վ կարող է աջակցել ձեզ։ 
  • Մտածել ղեկավարի, օրինակելի գործընկերների, ինչպես նաև այն գործընկերների մասին, ովքեր կպաշտպանեն ձեզ։
  • Վերլուծել մրցակիցներին. Էլ ո՞վ է ձեր պես նույն առաջխաղացման հերթում։ Ցանկանու՞մ եք դիրքավորվել այնպես, որ առանձնանաք մրցակցից։

Շատ կարևոր է նաև հաշվառել նվաճումները։ Օրինակ՝ վաճառքի որոշակի տոկոսով ավելացումը կամ հաշիվների արդյունավետ կառավարումը ցույց են տալիս աշխատակցի շոշափելի ներդրումը։ Նմանատիպ հստակ օրինակները ամրապնդում են առաջխաղացման ձգտող աշխատակցի արժեքը կազմակերպության համար։

Տարածված սխալ

Շատ մասնագետներ կարծում են, որ պարզապես աշխատանքը հիանալի կատարելը բավարար է նկատվելու և առաջխաղացման համար։ Չնայած լավ կատարողականը կարևոր է, դա կարիերայի առաջխաղացման համար միակ գործոնը չէ։ 

Շատ մասնագետներ կարծում են, որ գերազանց արդյունքների հասնելը ավտոմատ կերպով երաշխավորում է առաջխաղացում։ Այնուամենայնիվ, ղեկավարներն առաջխաղացման որոշումներ կայացնելիս նաև ուշադրություն են դարձնում ռազմավարական մտածողությանը, տեսանելիությանը և առաջնորդական հմտություններին։

Եթե աշխատակիցը լուրջ է վերաբերվում իր կարիերայի աճին, ապա նա չպե՛տք է կենտրոնանա միայն քրտնաջան աշխատելու վրա. Կառուցե՛ք ձեր անձնական բրենդը՝ ձեր նվաճումները հայտնի դարձնելով, ռազմավարական մոտեցում ցուցաբերելով և ապահովելով, որ ճիշտ մարդիկ ճանաչեն այդ ներդրումը։

Ռազմավարական կապեր

Կարիերայի առաջխաղացման մեկ այլ կարևոր գործոն է կանխամտածված կապերի ստեղծումը: Կազմակերպության ներսում հարաբերությունների կառուցումը վերաբերում է բոլոր մակարդակներում հարգանքի արժանանալուն, հասնելու նրան, որ ճիշտ մարդիկ ճանաչեն ձեր ներդրումն ու տեսնեն առաջնորդական ներուժը:

Հասկացե՛ք ձեր ընկերության առաջխաղացման գործընթացը

Յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր չափանիշներն ու ժամանակացույցը առաջխաղացման համար, ուստի յուրաքանչյուր աշխատակից, ով առաջխաղացման ձգտում ունի, պետք է վաղ փուլում ռազմավարական քննարկումներ սկսի իր ղեկավարի և ՄՌ մասնագետի հետ: Անհրաժեշտ է սկսել հստակ, մանրամասն քննարկումներ հաջորդ մակարդակի համար սպասելիքների, պահանջվող որակավորումների և որոշումների կայացման ժամանակացույցի վերաբերյալ: Երբ աշխատակիցը ճիշտ հասկանա, թե ինչ է փնտրում ղեկավարությունը, նա կկարողանա նախաձեռնողականություն ցուցաբերել և դիրքավորվել՝ որպես իդեալական թեկնածու՝ ցուցադրելով ճիշտ հմտություններ և անհնար դարձնելով անտեսվելը, երբ առաջխաղացման ժամանակը գա:

Կառուցե՛ք ձեր անձնական բրենդը

Առաջխաղացման ծրագիրը պետք է նաև ներառի անձնական բրենդի մարքեթինգը😊: Չէ՞ որ անհրաժեշտ է անձնական բրենդը «գովազդել» կազմակերպության ներսում: Կարևոր է տեսանելի դարձնել նվաճումները, ուժեղ կողմերը և առաջնորդական ներուժը: Պետք է գտնել մարդկանց, ովքեր վերջերս են առաջխաղացում ստացել և սովորել նրանցից: Անհրաժեշտ է հավաքել կառուցողական արձագանքներ վստահելի գործընկերներից և/կամ մենթորներից: Չէ՞ որ նպատակն է՝ ստեղծել ամուր փաստարկ, որը հիմնված է տվյալների, հարաբերությունների և ապացուցված կատարողականի վրա, որպեսզի, երբ զրույցը վերջապես տեղի ունենա, որոշումն արդեն պարզ լինի։

Առաջխաղացման կամ աշխատավարձի բարձրացման խնդրանքը բանակցությունների և նախապատրաստման մասին է: Եթե ցանկանում եք վերահսկել ձեր կարիերայի աճը, սկսե՛ք կառուցել ձեր փաստարկները հենց այսօր: Այս մոտեցումը գործում է անկախ նրանից, թե ինչ պաշտոն եք զբաղեցնում:

Lusine

Հեղ.՝ Lusine

Հրապարակվել է ՝ 08 Հուլ 2025